ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ուկրաինա ռազմական օգնության մատակարարումը դադարեցնելու հնարավորությունը Սպիտակ տանը Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թեժ բանակռվից հետո, գրել է The Washington Post-ը՝ հղում կատարելով Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային։
Հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփի վարչակազմն ի սկզբանե որոշել էր դադարեցնել Ուկրաինային տրամադրվող բոլոր օգնությունները, սակայն դրանից հետո շարունակել է զենք ուղարկել: Թրամփի վարչակազմը հայտնել է, որ չի աջակցի լրացուցիչ զենքի փոխանցումներին, սակայն չի դադարեցրել զենքի փոխանցումները, որոնք սկսվել էին նախորդ՝ Բայդենի վարչակազմի օրոք։
Պաշտոնավարման առաջին օրը Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սառեցրել է օտարերկրյա օգնության ֆինանսավորումը 90 օրով։
Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ վարչակազմը քննարկում է, թե արդյոք ԱՄՆ-ը պետք է շարունակի զենք մատակարարել:
Զելենսկին բազմիցս կոչ է արել Միացյալ Նահանգներին շարունակել զենք մատակարարել Ուկրաինա՝ որպես անվտանգության երաշխիք, որը կամրապնդի Կիեւի դիրքերը Ռուսաստանի հետ ապագա խաղաղ բանակցություններում։
Ինչպես հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ուրբաթ երեկոյան զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Օվալաձեւ աշխատասենյակում նրանց վիճաբանությունից հետո։
Սթարմերը «շարունակում է իր անսասան աջակցությունն Ուկրաինային եւ իր դերն է խաղում Ուկրաինայի ինքնիշխանության եւ անվտանգության վրա հիմնված կայուն խաղաղության ճանապարհ գտնելու գործում»,- ասել է բրիտանական կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Վարչապետն անհամբեր սպասում է կիրակի օրն ընդունել միջազգային առաջնորդներին, այդ թվում՝ նախագահ Զելենսկուն»,- շարունակել է ներկայացուցիչը՝ նկատի ունենալով եվրոպացի առաջնորդների առաջիկա գագաթաժողովը, որտեղ Սթարմերը կքննարկի Ուկրաինային աջակցելու հարցը:
Հիշեցնենք, որ երեկ բանակցությունների ընթացքում ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահները սկսել են բարձրաձայն խոսել։ Թրամփը Զելենսկուն մեղադրել է երախտամոռության մեջ։ Վեճին միացել է նաեւ ԱՄՆ փոխնախագահը։
Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։
Որոշ ժամանակ անց Թրամփ-Զելենսկի մամուլի ասուլիսը չեղարկվել է, իսկ հանքանյութերի գործարքը՝ հետաձգվել։
Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հարցազրույց է տվել CNN-ին, որի ժամանակ հայտնել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է ներողություն խնդրի ԱՄՆ նախագահից։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը Fox News-ի հարցազրույցում ասել է, որ հարկ չի համարում ներողություն խնդրել Դոնալդ Թրամփից։